Քաղաք Ճապոնիայում, որը «գրավել են» եղնիկները
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հին Չինաստանում չորս կարևոր կենդանիներ կային՝ վագրը, կրիան, վիշապն ու փյունիկը: Հնդկաստանում մինչ օրս կովերը սուրբ կենդանիներ են համարվում, իսկ ահա Ճապոնիայում հատուկ վերաբերմունք են ցույց տալիս եղնիկներին: Նարա քաղաքում, որը գտնվում է Կիոտոյից դեպի հարավ, գոյություն ունի մեծ, շքեղ այգի, որտեղ ապրում են հարյուրավոր եղնիկներ: Փոքրիկ բեմբիների կտեսնեք նաև քաղաքի փողոցներում զբոսնելիս:

Նարա քաղաքում քիչ չեն տեսարժան վայրերը: Այստեղ կան հնադարյան ավերակներ, տաճարներ: Այստեղ է գտնվում Բուդդայի ամենահայտնի արձաններից ամենախոշորը: 710-784 թթ. Նարան եղել է Ճապոնիայի մայրաքաղաքը:

Նարայում ընդհանուր հաշվարկով ապրում են 1200 եղնիկներ: Ըստ տեղի հուշագրությունների՝ Takemikazuchi անունով աստվածը այս քաղաք է եկել իր պաշտպան սպիտակ եղնիկի հետ: Այդ օրվանից ի վեր՝ արդեն 13 հարյուրամյակ շարունակ, տեղի բնակիչները երկրպագում են եղնիկներին: Մինչև 1637 թ այս կենդանուն սպանելու համար մահապատիժ էր տրվում, սակայն այն ժամանակվանից մինչ այսօր սպանության այդպիսի դեպք չի գրանցվել: Չնայած որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղնիկները դադարեցին «սուրբ» համարվել, միևնույն է, նրանք շարունակում են Ճապոնիայի ազգային խորհրդանիշներից համարվել: Այսօր այս կենդանիները պահպանվում են հատուկ օրենքների համաձայն:

Եղնիկների մեծ մասն ապրում է այգում, որտեղ նրանց կերակրում են զբոսաշրջիկները: Սակայն որոշներն էլ սիրում են ուղղակի զբոսնել փողոցներով, ավելին՝ կարողանում են ռեստորաններ մտնել, անցորդներից դրամապանակներ գողանալ՝ կարծելով, թե դա ուտելիք է: Իմանալով, որ անպատիժ են մնալու՝ եղնիկները չեն վախենում մարդկանցից:
Չնայած այն բանին, որ եղնիկները Նարայի զարդարանքն են համարվում, նրանք նաև վնասներ են հասցնում: Ոչնչացման վտանգի տակ է Kasugayama անտառը, քանի որ եղնիկները ուտում են այստեղ աճող ծառերի բներն ու ցածրահասակ թփերը: Տեղի իշխանությունները տեղեկացնում են, որ քաղաքում եղնիկների պոպուլյացիան գործնականորեն անկառավարելի է դառնում և շատ անհանգստույուններ է պատճառում բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Սակայն մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել:
