Երբ ժամանակը գա, Աշոտը կիմանա. համացանցի հիթ դարձած Ելենա Եսենինայի գաղտնիքը բացահայտված է. լուսանկարներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է՝ համացանցի հիթ է դարձել ռուս երգչուհի Ելենա Եսենինայի «Աշոտ» երգը. մի քանի օրում այն ունեցավ ավելի քան 100 հազար դիտում։
Թեպետ երգչուհին խուսափում է ասել՝ իսկապես սիրահարված է իր երգի հերոսին, թե ոչ, սակայն Wnews.am-ին պատմել է իր մասին եւ խոստովանել, որ երգի հերոսը շուտով կիմանա, որ այն իր մասին է։

-Ելենա, մի քանի օրում քո երգը բավականին հայտնի դարձավ համացանցում։ Կպատմե՞ս քո մասին։
-Երաժշտությունն ինձ հետ է ծնվել։ Որքան ինձ հիշում եմ՝ ամեն տեղ երգում եմ… մեծացել եմ Ռյազանում՝ Սերգեյ Եսենինի ծննդավայրում։ Մանկուց սկսել եմ բանաստեղծություններ գրել, հետո ծնվեցին առաջին երգերը. մրցույթներ, փառատոններ, առաջին հաղթանակներն ու պարտությունները…Դպրոցն ավարտել եմ կարմիր մեդալով, զուհահեռ սովորել եմ երաժշտական դպրոցում։ Ավարտել եմ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի երաժշտական ֆակուլտետը…
Շատ բան կարող եմ պատմել իմ երաժշտական ճանապարհի մասին. ուրախությունների ու դավաճանությունների, առաջին հաջողությունների ու այն շրջանի, երբ խոչընդոտում էին, որ իմ երգերը հնչեն հեռուստացույցով եւ ռադիոյով։ Հետո չորս տարի աշխատեցի թատրոնում, ավարտեցի նաեւ դերասանական ֆակուլտետը։ Շարունակ բանաստեղծություններ ու երաժշտություն էի գրում՝ այդ թվում երեխաների համար։ Ունեմ երեխաների համար գրված բանաստեղծությունների երեք ժողովածու, ինչպես նաեւ բանաստեղծությունների երկու ժողովածու, մեծ քանակի երգեր, գրել եմ նաեւ մյուզիքլ. ես պարզապես չեմ կարող ապրել, ինձ ֆիզիկապես վատ եմ զգում, եթե ստեղծագործական պրոցեսում չեմ։
-Ո՞վ է Աշոտը, ինչու՞ հենց Աշոտ, այլ ոչ, օրինակ, Արմեն։
-Աշոտն իրական կերպար է։ Մի օր նա մեկնաբանություն գրեց ու ես ասացի՝ դե ինչ Աշոտ… այպդես էլ ծնվեց երգը։ Արմենը կապ չունի։

-Ե՞րբ եք պատրաստվում Աշոտին տեղյակ պահել, որ երգն իր մասին է։
-Ամեն ինչ իր ժամանակին, երբ պահը գա, նա, իհարկե, կիմանա։
-Երգից հետո միանգամից հայտնի դարձաք սոցցանցերում։ Սպասու՞մ էիք նման հաջողության։
-Եթե իմանայի, որ այդ հոլովակը հարյուր հազարավոր դիտումներ կունենա, գոնե լավ կհագնվեի ու մազերս կհարդարեի։Պարզապես սովորական երեկո էր, նստեցի գործիքի մոտ, միացրի ուղիղ եթերն ու երգեցի… տեսնում եք, հրաշք տեղի ունեցավ… քանի որ շատ երգեր եմ գրել, պարբերաբար ինձ հարցնում էի՝ ինչ է հիթ ասվածը, ինչու է մի երգը հայտնի դառնում, մյուսը, որը ոչնչով չի զիջում, այդպես էլ անտեսվում է։ Անկեղծ ասած՝ գաղտնիքն այդպես էլ չհասկացա. մի բան գիտեմ, գործն անելիս՝ անկեղծ պետք է լինել։
-Ե՞րբ եք պատրաստվում Հայաստան գալ, այստեղ արդեն երկրպագուներ ունեք։
-Անկեղծ ասած՝ շատ եմ ուզում այցելել Հայաստան, երեք չեմ եղել։
-Ինչո՞վ են գրավիչ հայ տղամարդիկ։
-Արժանի տղամարդը միշտ էլ գրավիչ է, արարքները, կնոջ հանդեպ հարգանքը, սերը կյանքի հանդեպ, հայացքում ինչ-որ հատուկ մի բան, գուցե խորություն…
-Ճանաչու՞մ եք հայ երգիչներին, կցանկանայի՞ք իրենց հետ զուգերք կատարել։
-Ես միշտ ստեղծագործելու, փորձարկումների, համագործակցության կողմնակից եմ։ Եթե առաջարկ ստանամ, ուրախ կլինեմ։


-Ու՞մ է նվիրվելու Ձեր հաջորդ երգը։
-Չգիտեմ՝ ինչի կամ ում մասին է հաջորդ երգս։Ինձ ոգեշնչում են մարդիկ, սիրում եմ մարդկանց, չէ որ նրանք հետաքրքիր ճակատագրեր ունեն, մտքեր։ Երբեմն նայում ես մարդու աչքերին ու մտածում. ահա այն, տիեզերք… գլխավորը՝ չկորցնել ոգեշնչվելու ունակությունը։ Մի օր Դմիտրի Մալիկովն ինձ նման արտահայտություն արեց, դա ութ տարի առաջ էր. «Գրի, քանի գրվում է, երգերն ունեն վերջանալու ունակություն»։ Դրանից հետո ես վախենում եմ, որ վաաայ, այս երգը հնարավոր է վերջինն է, սակայն կյանքը զարմանալի է, այն ինձ սիրում է եւ ես իրեն նույնպես։


