Թրամփը մտադիր է համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխման հարցը
International newsՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ հանդիպում անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի բարեփոխման հետ կապված հարցեր քննարկելու համար, հայտնում է Reuters գործակալությունը՝ իր տրամադրության տակ հայտնված հռչակագրի նախագծին հղումով։
Գործակալությունը հայտնում է, որ համաշխարհային առաջնորդները կհրավիրվեն հանդիպմանը, եթե ստորագրեն 10 կետ պարունակող և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված հռչակագիրը, որը ենթադրում է կազմակերպության «արդյունավետ բարեփոխում»։
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի շրջանակում որոշակի փոփոխությունների ներդրման գլխավոր քարտուղարի ջանքերին, որպեսզի ավելի լավ համաձայնեցնենք աշխատանքը մարդասիրական օգնության, խաղաղ նախաձեռնությունների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ»,- ասվում է հռչակագրի նախագծում։
Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում կբացվի 72-րդ Գլխավոր ասամբլեան, իսկ սեպտեմբերի 19-ից կսկսվեն բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում քաղաքական հարցերի շուրջ քննարկումներ։