Կանադայի արեւմուտքում անտառային հրդեհներ են սկսվել
International newsԿանադայի արեւմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում պատրաստվում են բնակչության զանգվածային տարհանմանը տարածաշրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը։
Անտառներն այրվում են նահանգի հարավում՝ Փիչլենդի շրջանում։ Շոգ եղանակի եւ քամու պատճառով կրակն արագ է տարածվում։ Բրիտանական Կոլումբիայի հրշեջ ծառայությունների տվյալներով՝ Շաբաթ երեկոյան անտառային հրդեհի տարածքը 100 հեկտար էր, իսկ կիրակի այն արդեն հասել է 1000 հեկտարի։
Տվյալ պահին Սամերլենդ բնակավայրի 55 տների բնակիչներ տարհանվել են։ Եվս 300 տների բնակիչներ արդեն տարհանման հրաման են ստացել։
Շաբաթ Սասկաչեւան նահանգում անտառային հրդեհների հետեւանքով ավելի քան 2.3 հազար մարդ է տարհանվել։ Այժմ ամենախոշոր հրդեհները Մանիթոբա նահանգում են. դրանց տարածքն արդեն գերազանցում է 77 հազար հեկտարը։ Այդ շրջանում առնվազն 5 հազար մարդ է տարհանվել։