Սիրիայում երկու ռուս զինծառայող է զոհվել Դեյր Էլ Զորի գրոհի ժամանակ
International newsՍիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում «Իսլամական պետության» դեմ մղվող մարտերում երկու ռուս պայմանագրային զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, զինվորները մահացել են իսլամիստ գրոհայինների բացած կրակի հետևանքով:
«Կոնտակտային խմբի զինծառայողները ուղեկցել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մեքենաների շարասյունը: Դեյր Էլ Զորում շարասյունը գնդակոծության է ենթարկվել իսլամիստների կողմից», -ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զոհված զինվորները ներկայացվել են պետական պարգևների:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի կառավարական բանակը գրոհներ է իրականացրել դեպի Դեյր Էլ Զոր քաղաքի խորքը: Նրանց հաջողվել է ազատագրել Դեյր Էլ Զորի հայկական գերեզմանատունը: