ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել
International newsԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը ցավալի է անվանել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու Մոսկվայի որոշումը: Այդ մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում:
Նա նաև հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակումը հավասարեցրել է երկու երկրների դիվանագիտական օբյեկտների թիվը:
Նոյերթն ընդգծել է, որ չնայած դրան՝ ԱՄՆ-ն չի արտաքսում ռուս դիվանագետներին հյուպատոսության փակումից հետո:
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ իրավիճակին, երբ մեզ կհաջողվի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հարցերի շուրջ»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն՝ Վաշինգտոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում խուզարկումներ իրականացնելու Վաշինգտոնի ծրագրերի առնչությամբ:
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը, ինչպես նաև Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող առևտրային ներկայացուցչությունները Պետդեպի պահանջով փոխանցվել են ամերիկյան կողմին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Պետդեպը Ռուսաստանից պահանջել էր մինչև սեպտեմբերի 2-ը փակել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հյուպատոսարանն ու Նյու Յորքում, Վաշինգտոնում ՌԴ երկու առևտրային ներկայացուցչությունները: Պահանջն արվել է ի պատասխան ռուսական կողմի առաջարկին առ այն, որ Ռուսաստանում կրճատվի ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը: