Ուրուգվայում ձերբակալել են «Միլանի կոկաինի թագավորին»
International newsՈւրուգվայում ձերբակալվել է ամենահետախուզվող հանցագործներից Ռոկո Մորաբիտոն, որը 23 տարի թաքնվել է իրավապահ մարմիններից: Ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա Մորաբիտոյին՝ «Նդրանգետա» հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկին, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, գրում է korrespondent.net-ը:
Ոստիկանության տվյալներով՝ Մորաբիտոն ապրել է զբոսաշրջային Պունտա դել Էստեում՝ օգտելով կեղծ անձնագրից: Ուրուգվայի իշխանությունները պնդում են, որ Մորաբիտոն ապրել է Պունտա դել Էստեում ավելի քան 10 տարի:
Ուրուգվայի ոստիկանությունը հայտնել է, որ հանցավոր խմբի ղեկավարը ձերբակալվել է վեց ամիս տևած հետաքննությունից հետո, որը սկսվել է այն բանից հետո, երբ նա իր աղջկան գրանցել է իր անունով տեղի դպրոցում:
Իտալիայում Մորաբիտոն մեղադրվում է մաֆիոզ խմբավորման կազմակերպման և թմրանյութերի մաքսանենգության համար:
Մորաբիտոն պատասխանատու էր Հարավային Ամերիկայից Իտալիա թմրանյութերի մաքսանենգության համար, նրան անվանում էին «Միլանի կոկաինի թագավոր»:
Ոստիկանությունը ձերբակալել է նաև Մորաբիտոյի կնոջը: Մորաբիտոյի փաստաբանի խոսքով՝ նրա պաշտպանյալը 1994 թվականից ի վեր ապրել է սովորական կյանքով և կապված չի եղել քրեական աշխարհի հետ:
Այժմ Ռոկո Մորաբիտոն կալանքի տակ է մնում Ուրուգվայում, որտեղ նրան մեղադրում են փաստաթղթերի կեղծման համար: Սպասվում է, որ մի քանի ամսվա ընթացքում նա կարտահանձնվի Իտալիա: