Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել զինծառայողների աշխատավարձերի հետ կապված խնդրի պատճառով
International newsՌումինիայի վարչապետ Միխայ Տուդոսեն երեքշաբթի ընդունել է երկրի պաշտպանության նախարար Ադրիանա Ցուցույանուի հրաժարականը: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Ավելի վաղ ռազմական գերատեսչության ղեկավարը հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ վարչապետ Միխայ Տուդոսեին է փոխանցել հրաժարականի մասին դիմումը՝ այդ քայլը պատճառաբանելով նախարարության աշխատակիցներին աշխատավարձերի վճարման հարցի շուրջ «անբավարար իրազեկությամբ»:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Պաշտպանության նախարարությունից, սեպտեմբերին ծառայողների աշխատավարձերն ամբողջությամբ չեն վճարվելու և ուշացվելու են, քանի որ դեռ չի վերանայվել ընթացիկ տարվա պետական բյուջեն:
«Ցավով պետք է փաստեմ նախարարության մամուլի ծառայության և ԶԼՄ-ների միջև անբավարար փոխադարձ կապը: Իմ սխալն այն է, որ ես՝ որպես նախարար, նախքան ԶԼՄ-ների համար տեղեկությունը հրապարակելը չեմ տեղեկացրել վարչապետին զինծառայողներին վճարումների հետ կապված առաջացած խնդրի մասին: Այդ պատճառով ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ»,- ասել է նա:
Ավելի վաղ ռումինական ԶԼՄ-ները, վկայակոչելով Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկություն էին հրապարակել, որ պաշտպանական գերատեսչությունում իբր բացակայում են զինծառայողների աշխատավարձերի համար միջոցները: