ԱՄՆ-ն Ռուսաստանից ՌԴ-180 հրթիռային շարժիչների նոր խմբաքանակ կգնի. լրատվամիջոց
International newsԱմերիկյան United Launch Alliance (ULA) կոնցեռնը արդեն ավելի քան մեկ տարի բանակցում է ռուսական ՌԴ-180 շարժիչների նոր խմբաքանակ գնելու շուրջ՝ իր Atlas V տանող հրթիռներում օգտագործելու համար: Համաձայնագրի ստորագրումը քանիցս հետաձգվել է, արդյունքում՝ գործարքի նախապատրաստման ընթացքում ԱՄՆ-ին անհրաժեշտ շարժիչների թիվը 10-ից մինչեւ 5-ի է կրճատվել: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով՝ մինչեւ սեպտեմբերի վերջը ULA-ի պատվիրակությունը պետք է այցելի «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորում, որը ՌԴ-180 է արտադրում, եւ ռուսական կողմին հաստատի իր մտադրությունը: Նախապես 2 ձեռնարկությունները շարժիչների մատակարարման պայմանագիրը պետք է կնքեին 2016 թվականի սեպտեմբերին, սակայն դա տեղի չունեցավ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին պատրաստվելու եւ Իլոն Մասկի SpaceX մասնավոր տիեզերական ընկերության նոր հրթիռային շարժիչի փորձարկումների պատճառով:
Ամերիկյան ընկերության ներկայացուցիչները այս պատճառով խնդրել էին բանակցությունները մինչեւ գարուն հետաձգել, ինչին ռուսական կողմը համաձայնվել էր: Պարբերականի՝ տիեզերական արդյունաբերության աղբյուրը նշել է, որ մայիսին ռուսական ընկերությունը ULA–ին վերջնագիր է ներկայացրել՝ կա՛մ շարժիչների մատակարարման պայմանագրի արագ ստորագրում, կա՛մ Չինաստանին ՌԴ-180-ի վաճառքի բանակցություններ: