Կատալոնիայի խորհրդարանն օրենք է ընդունել անցումային շրջանի մասին
International newsԿատալոնիայի խորհրդարանն ընդունել է անցումային շրջանի մասին օրենք, որը, ըստ անկախության կողմնակիցների, իրավական հիմք կստեղծի Իսպանիայի կազմից ինքնավար համայնքի դուրս գալու համար:
«Անցումային շրջանի մասին օրենքն ընդունվել է 71 «կողմ» ձայնով, դեմ է եղել 10 պատգամավոր, ձեռնպահ ձայներ չեն եղել»,- հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանիայի կառավարությունը օրենքը, ինչպես նաեւ անկախության հանրաքվեին վերաբերող Կատալոնիայի իշխանությունների ընդունած նախորդ բոլոր փաստաթղթերը, կվիճարկի Սահմանադրական դատարանում:
«Հանրապետության իրավական եւ հիմնադիր անցումային շրջանի մասին» կոչվող փաստաթղթի հեղինակները կարծում են, որ այն ուժի մեջ կմտնի, եթե հոկտեմբերի 1-ին անցկացվող հանրաքվեում հաղթեն Իսպանիայից Կատալոնիայի անջատման կողմնակիցները: Այդ դեպքում օրենքը կսկսի կիրառվել հոկտեմբերի 2-ից՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, այսինքն՝ գրեթե 6 ամիս: Անջատման կողմնակիցների կարծիքով՝ նոր խորհրդարանը կմշակի նոր պետության սահմանադրությունը: