Կատարի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները խոսել են, իսկ հետո կրկին վիճել
International newsԿատարի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները հեռախոսազրույց են անցկացրել։ Դա բարձր մակարդակով առաջին շփումն էր՝ Դոհայի եւ արաբական երկրների միջեւ ճգնաժամից հետո, սակայն նույնիսկ քննարկվող հարցի պայմանները նոր տարաձայնությունների պատճառ դարձան, փոխանցում է AP-ն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի եւ Կատարի էմիրի՝ շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ։
Կատարի պետական տեղեկատվական գործակալությունը զրույցի մասին տվյալներ է հրապարակել՝ հայտարարելով, որ Էր Ռիադն ու Դոհան համաձայնել են երկու հանձնակատարի ուղարկել՝ խնդիրները քննարկելու համար։ Կատարում հայտարարել են, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է խոսել շեյխ Թամիմի հետ։
Սաուդյան Արաբիայի եւ Կատարի առաջնորդներն ընդգծել են երկխոսության միջոցով ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը՝ Պարսից ծոցի երկրների միասնականությունն ու կայունությունն ապահովելու համար, ասվում է Կատարի պետական տեղեկատվական գործակալության հայտարարությունում։
Սաուդյան Արաբիան զայրույթով է արձագանքել Կատարի հայտարարությանը՝ հրապարակելով երկրորդ հաղորդագրությունը, համաձայն որի՝ Դոհայի հայտարարությունը «ճշմարտության հետ ոչ մի կապ չունի»։ «Դա ապացուցում է, որ Կատարի իշխանությունները երկխոսությանը լուրջ չեն վերաբերում եւ շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը։ Սաուդյան Արաբիաի թագավորությունը հայտարարում է, որ Կատարի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն կամ շփում կդադարեցվի՝ քանի դեռ նրա դիրքորոշումը հստակեցնող հայտարարություն չի հրապարակվել»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հաղորդագրությունում։