Չինաստանը մտադիր է արգելել բենզինային և դիզելային ավտոմեքենաների վաճառքը
International newsՉինաստանը միանում է Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային՝ հայտարարելով բենզինային և դիզելային ավտոմեքենաների վաճառքին վերջ դնելու մտադրության մասին:
Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի պետական լրատվամիջոցը, Չինաստանի արդյունաբերության նախարարը ժամանակացույց է կազմում ավանդական վառելիքով ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը դադարեցնելու համար և մտադիր է առաջ տանել էլեկտրական տեխնոլոգիայի զարգացումը:
Հաղորդման ժամանակ որևէ հստակ ամսաթիվ չի նշվել, սակայն Պեկինը ճնշում է գործադրում ավտոարտադրողների վրա՝ արագացնելու էլեկտրական մոդելների մշակումը:
Չինաստանը համաշխարհային մակարդակով ավտոմեքենաների խոշորագույն շուկան է՝ հաշվի առնելով այստեղ վաճառվող մեքենաների քանակը: Ինչպես ընդգծում է աղբյուրը, ավտոմեքենաների հետ կապված այս որոշումն իր ազդեցությունը կունենա համաշխարհային արդյունաբերության վրա: