ՄԱԿ. Եմենում շարունակում են խաղաղ բնակիչներ զոհվել
International newsԵմենում ռազմական գործողությունների 2 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 5 հազար խաղաղ բնակիչ։ Այս մասին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 36-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս ասել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Նրա խոսքով՝ մեծամասնությունը զոհվել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից։ «Օգոստոսի 30-ի տվյալներով՝ իմ գրասենյակը հաստատել է 5144 խաղաղ բնակչի զոհվելու փաստը։ Ավելի քան 8749 մարդ էլ հակամարտության սկզբից վիրավորվել է։ Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։ Ավիահարվածները շարունակում են խաղաղ բնակչության մահվան հիմնական պատճառ մնալ»,– ասել է նա։
Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին նշել է, որ Եմենում ապրիլի սկզբից բռնկված խոլերայի համաճարակը բուժհաստատությունների վրա հակամարտության կողմերի անհամաչափ գրոհների եւ շրջափակման անմիջական հետեւանքն է։