Մոսուլի հարավում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների 1400 կանայք ու երեխաներ, նրանց ապագան անորոշ է. Reuters
International newsԲրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից վերջերս ազատագրված իրաքյան Մոսուլում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների 1400 կանայք ու երեխաներ, որոնք տեղավորվել են քաղաքի հարավում գտնվող ճամբարներից մեկում և հիմնականում օտարերկրացիներ են:
Ականատեսները վկայել են, որ ճամբարում գտնվող կանայք խոսում են թուրքերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Ենթադրվում է, որ ԻՊ-ի զինյալների կանայք հիմնականում ծնունդով Եվրոպայից, Թուրքիայից, Ռուսաստանից և Միջին Ասիայի երկրներից են:
Հայտնի է, որ կանանց ու երեխաներին չի թույլատրվում լքել ճամբարի տարածքը: Եվրոպական մի շարք մարդասիրական կառույցներ պահանջում են Իրաքի իշխանություններից, որ կանանց ու երեխաների ապագայի վերաբերյալ հստակ որոշում կայացվի մոտ ապագայում:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից սկսած: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին: