Եթե Իրաքի իշխանությունները չընդունեն քրդերի անկախության հանրաքվեն՝ ինքնուրույն կգծենք անկախ Քուրդիստանի սահմանները. Բարզանի
International newsԻրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ եթե Իրաքի իշխանությունները չընդունեն քրդերի անկախության հանրաքվեն, ապա իրենք ինքնուրույն կգծեն անկախ Քուրդիստանի սահմաններն ու անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն պատերազմի, գրում է «Բիրգյուն» պարբերականը:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Բարզանին նշել է, որ անկախության հանրաքվեն ուղիղ իմաստով չի նշանակում ամբողջովին անկախ Քուրդիստան, այլ դա ավելի շուտ կհզորացնի քրդական կողմի դիրքերը՝ Բաղդադի հետ բանակցություններում:
«Եթե Բաղդադը չընդունի դա՝ մենք ինքներս կգծենք մեր սահմանները, անհրաժեշտության դեպքում քրդերը պատրաստ են պատերազմի», - հայտարարել է Բարզանին:
Պատասխանելով այն քննադատություններին, թե հանրաքվեն կաորղ է խարխլել Իրաքի անվտանգությունը, Բարզանին ասել է. «Իրաքում անվտանգությո՞ւն կա»:
Ավելի վաղ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ: