Հյուսիսային Կորեան մերժել է ՄԱԿ նոր պատժամիջոցները
International newsՀյուսիսային Կորեան կտրականապես մերժում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը: Այս մասին նշված է Կորեայի Կենտրոնական հեռագրական գոծակալության տարածած Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ «բանաձեւը ԱՄՆ-ն է սարքել զանազան ստոր եւ կեղտոտ մեթոդների ու եղանակների ճանապարհով»: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն բանաձեւը «նողկալի սադրանքի արդյունք է համարել՝ ուղղված Հյուսիսային Կորեային ինքնապաշտպանության օրինական իրավունքից զրկելուն եւ պետությունն ու քաղաքացիներին լայնամասշտաբ տնտեսական շրջափակման ճանապարհով լիովին խեղդելուն»:
Նշվում է, որ «պատժամիջոցների մասին» հերթական ապօրինի բանաձեւի ընդունումը հաստատում է, որ Հյուսիսային Կորեայի ընտրած ճանապարհը բացարձակ ճիշտ է»: Հյուսիսային Կորեայի իշխանությունները խոստանում են մեծացնել երկրի հզորությունը երկրի ինքնիշխանությունը եւ գոյության իրավունքը պաշտպանելու, ինչպես նաեւ տարածաշրջանում հավասարակշռության հասնելու ճանապարհով խաղաղությունը եւ կայունությունը պահպանելու համար:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն նախօրեին Հյուսիսային Կորեայի դեմ միաձայն նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնցով կսահմանափակվեն Փհենյանի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները: 2375 բանաձեւով սահմանվել է 21-րդ դարում ՄԱԿ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը: