Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է քրեական հեղինակություններ Շաքրո Մոլոդոյի և Իտալացու կալանքը
International newsՄոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 29-ը երկարաձգել է քրեական հեղինակություններ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ), Անդրեյ Կոչույկովի (Իտալացի) և դրամաշորթության գործում ներգրավված այլ անձանց կալանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Այս կերպ դատավոր Սերգեյ Գրուզդևը բավարարել է դատախազի միջնորդությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածները բաժանվում են երկու խմբի՝ դրամաշորթության երկու դրվագով. մեկում տուժած կողմ է հանդիսանում Ժաննա Կիմը, մյուսում՝ գործարար Լև Գարամովը: Քննության վարկածի համաձայն՝ կալանավորներին միավորում է այն, որ նրանք գործել են Շաքրո Մոլոդոյի ղեկավարության ներքո:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 12-ին Քալաշովին մեղադրանք է ներկայացվել Elements ռեստորանի սեփականատիրոջից 8 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ: Նրա տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել ու առգրավվել է Մակարով տեսակի 2 ատրճանակ, ինչպես նաև՝ ձեռքի նռնակ:
Քալաշովը համարվում է հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Չորս տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը: