Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ն վերածել մոխրի, իսկ Ճապոնիան խորտակել ծովում
International newsՀյուսիսային Կորեան սպառնացել է միջուկային զենքով ոչնչացնել Ճապոնիան, իսկ ԱՄՆ-ն վերածել «մոխրի ու խավարի»՝ արձագանքելով ՄԱԿ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, գրում է The Daily Mail-ը:
ԱՄՆ-ին և Ճապոնիային ուղղված սպառնալիքը հաղորդվել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությամբ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմական ոլորտի պաշտոնյաների հաղորդմամբ, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը վերջին 48 ժամվա ընթացքում հրթիռային կայանքներ է տեղաշարժում և վայրեր պատրաստում նոր հրթիռային արձակման համար:
Ջոն Հոփկինսի անվան համալսարանի վերլուծաբանների հաղորդմամբ՝ Կիմ Չեն Ընի վարչակազմը պատրաստում է միջուկային փորձարկումների վայրը նոր արձակումներ իրականացնելու համար:
Հաղորդագրությունում ԿԺԴՀ-ն սպառնացել է «ԱՄՆ-ին ծեծել մինչև մահ»՝ պատժամիջոցների ընդունման համար: Բացի այդ, ԿԺԴՀ-ն սպառնացել է միջուկային հարված հասցնել Ճապոնիային:
«Արշիպելագի չորս կղզիները պետք է խորտակվեն ծովում միջուկային զենքի հարվածից հետո: Ճապոնիան այլևս չպետք է գոյություն ունենա մեր կողքին»,- ասված է հայտարարությունում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի որոշում է ընդունել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ` ի պատասխան երկրի վեցերորդ միջուկային փորձարկման։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:
Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: