Սաակաշվիլին մտադիր է հոկտեմբերի 17-ին հանրահավաք անցկացնել Կիևում և իշխանություններին պահանջներ ներկայացնել
International newsՎրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Կիևում հանրահավաք անցկացնելու և իշխանությանը բարեփոխման պահանջների ցանկ ներկայացնելու մտադրության մասին, հայտնում է ТАСС-ը:
«Մենք որոշել ենք միանալ ակտիվիստների նախաձեռնությանը և հոկտեմբերի 17-ին հավաքվել Կիևում երեք պահանջով՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում, նոր ընտրական օրենքի ընդունում»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
«Մնացած պահանջները մենք կհավաքենք ողջ Ուկրաինայում մինչև հոկտեմբերի 17-ը»,- նշել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին, աջակիցների ուղեկցությամբ «Շեգինի» անցակետում սահմանապահների շղթան ճեղքելով, ներխուժել է Ուկրաինայի տարածք: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: