Ֆրանսիան և Թուրքիան կարող են համատեղ պատժամիջոցներ կիրառել Իրաքյան Քուրդիստանի դեմ. լրատվամիջոցներ
International newsԹուրքիան և Ֆրանսիան կքննարկեն Իրաքյան Քուրդիստանի դեմ պատժամիջոցների համատեղ փաթեթի ընդունման հարցը, եթե իրաքցի քրդերը չհրաժարվեն անկախության հանրաքվեի մտքից, այս մասին հայտնում է թուրքական «ՀաբերԹյուրք» կայքը:
Ըստ լրատվամիջոցների՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում հատուկ առանձնազրույց կունենան թեմայի առիթով: Նշվում է, որ Էրդողանը պատրաստվում է նախ առաջարկել Մակրոնին հանդես գալ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի դեմ համատեղ հայտարարությամբ, իսկ եթե դա էլ չօգնի՝ նախապատրաստել մի շարք պատժամիջոցներ իրաքից քրդերի դեմ:
Պատժամիջոցների սպասվող փաթեթը պետք է հստակեցվի սեպտեմբերի 22-ին՝ Անկարայում ազգային անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում:
Հիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:
Ավելի վաղ Թուքրիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն սպառնացել էր, որ եթե քրդերը շարունակեն համառել անկախության հանրաքվեի հարցում՝ ծանր գին կվճարեն դրա համար:
Շաբաթներ առաջ էլ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ: