Բունդեսթագի ընտրություններից առաջ հարցման արդյունքում Մերկելն առաջ է անցել Շուլցից
International newsՍեպտեմբերի 24-ին Գերմանիայում կանցկացվեն Բունդեսթագի ընտրություններ, որոնց ընդառաջ անցկացվում են հարցումներ ընտրողների շրջանում: Նշենք, որ ընտրությունների արդյունքում կձևավորվի կառավարությունը և կընտրվի կանցլերը:
T-online.de-ն հրապարակել է հարցման արդյունքները, որոնց համաձայն ընտրողների 32 տոկոսն արտահայտվել է Մարտին Շուլցի (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, SPD), իսկ 56 տոկոսը՝ Անգելա Մերկելի (Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինք, (CDU/CSU) օգտին:
Նշվում է, որ հարցվածների 11 տոկոսը կողմ է արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար» ձախական կուսակցությանը, իսկ 7 տոկոսը՝ Գերմանիայի կանաչների կուսակցությանը: Ազատ դեմոկրատների կուսակցությունը հավաքել է հարցվածների ձայների 9 տոկոսը:
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ «կանաչները» և ազատ դեմոկրատները նախընտրական համագումարներ են անցկացրել՝ համոզվածություն հայտնելով, որ հենց իրենք կզբաղեցնեն երրորդ տեղը:
Կուսակցությունները չեն բացառում կառավարություն մտնելու հնարավորությունը, սակայն պայմաններ են առաջադրում, որոնց հետևելը, նրանց կարծիքով, հեշտ չի լինի:
Մասնավորապես՝ ազատ դեմոկրատները պահանջում են միգրացիան կարգավորող օրենք ընդունել և պնդում, որ փախստականները Գերմանիայում միայն «ժամանակավոր հումանիտար ապաստարան» ստանան: «Կանաչները» պահանջում են 2030 թվականից արգելել բենզինային կամ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների գրանցումը, այնինչ երբ ազատ դեմոկրատները դեմ են այս արգելքին:
Կուսակցությունները համամիտ են այն հարցում, որ Գերմանիան գլխավորող «մեծ կոալիցիան» սպառել է իրեն:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի ընտրությունների մեկնարկից մեկ ամիս առաջ Մերկելի կուսակցական դաշինքը նույնպես առաջ է անցել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, որը գլխավորում է Մարտին Շուլցը: