Ռուսաստանից գնված C-400-ը Թուրքիան կտեղակայի Անկարա նահանգում՝ «Աքընջը» ռազմաբազայի տարածքում
International newsՌուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան կտեղակայի Անկարա նահանգում՝ «Աքընջը» ռազմաբազայի տարածքում, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Գործակալությունը մանրամասնում է, որ երկու C-400 համակարգերը Թուրքիա կհասնեն արդեն 2018թ.-ին և կտեղակայվեն նահանգում:
Նշվում է, որ «Աքընջը» ռազմաբազան արդեն նախապատրաստել են նոր զինատեսակների ընդունման համար:
Ի դեպ, նույն ռազմաբազան անցյալ տարվա հուլիսին հանդիսացել էր ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների կենտրոնական հարձակման վայրը, որտեղից նրանք օդ էին բարձրացրել նախագահական պալատի ու խորհրդարանի շենքի վրա կրակած ռազմական կործանիչները:
Օրեր առաջ ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։