Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից. Հասան Ռուհանի
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի Իրանից և Իրանի ժողովրդից, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ մեկնաբանելով նախօրեին հնչած Թրամփի ելույթը։
Ռուհանին ասել է, որ տարիներ շարունակ բանակցել է ԱՄՆ-ի հետ, իսկ հիմա Վաշինգտոնն սպառնում է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր, որը կխախտի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, կդիմի խայտառակ քայլի, և եթե ԱՄՆ-ն հրաժարվի դրանից, ապա ամերիկյան ժողովուրդը, ինչպես նաև միջազգային համայնքը չեն աջակցի նրան:
«Եթե ԱՄՆ-ն կարծում է, որ համաձայնագրի խախտումը կավելացնի ճնշումն Իրանի վրա, ապա սխալվում է։ Մենք իրադարձությունների տարբեր զարգացումների համար տարբեր սցենարներ ունենք մշակած»,- նշել է Ռուհանին, ավելացնելով, որ Իրանը չի համաձայնի նաև համաձայնագրի փոփոխություններին: