Իրաքի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները կոչ են արել քրդերին հրաժարվել հանրաքվեից
International newsԻրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ-Ջաաֆարին, Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում անցկացրած եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել, որով կոչ են արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հրաժարվել անկախության հարցով հանրաքվեի անցկացումից, գրում «ՌԻԱ ՆՈվոստի»-ն:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու մասին հանրաքվե են նշանակել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն անօրինական են անվանել:
«Նախարարները վճռական հանձնառություն են հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը և մտահոգություն հայտնել, որ հանրաքվեն մեծ վտանգի տակ է դնում ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ձեռքբերումները, հակասահմանադրակն է և կարող է տարածաշրջանում նոր հակամարտություններ հրահրել: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական շրջանի ղեկավարությանը՝ կոչ անելով հրաժարվել հանրաքվեի անցկացումից, և համաձայնել են այդ առնչությամբ քննարկել համակարգված պատասխան քայլերի ընդունման հարցը»,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը կոչ է արել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին չանցկացնել շրջանի անկախության հարցով հանրաքվե և այն անվանել է ապակառուցողական քայլ:
«Եվրամիությունը հիշեցնում է Իրաքի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իր մշտական աջակցության մասին: Միակողմանի գործողությունները, ինչպիսին է առաջարկված հանրաքվեն, ապակառուցողական են, դրանցից պետք է խուսափել»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:
Այս շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել են հետաձգել հանրաքվեն: Նա հայտարարել է, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք: Բարզանին սեպտեմբերի 14-ին հայտնել է, որ ստացել է նման այլընտրանք Արևմուտքի մի շարք երկրներից, բայց հանրաքվեի անցկացման հարցերով բարձրագույն հանձնաժողովն ավելի ուշ մերժել է առաջարկը: