C-400-ը Թուրքիային կմատակարարվի առաջիկա երկու տարվա ընթացքում. թուրք պաշտոնյա
International newsՌուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան կստանա շուրջ երկու տարվա ընթացքում, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության (SSM) քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
Պաշտոնյան նշել է, որ զինատեսակի՝ Թուրքիա մատակարարման մոտավոր ժամկետներն արդեն պարզ են, սակայն թուրքական կողմը շարունակում է բանակցությունները՝ այդ ժամկետները հնարավորինս կրճատելու համար:
«Մի բան ես հստակ կարող եմ ասել. դա տեղի կունենա առաջիկա երկու տարվա ընթացքում», - ասել է Դեմիրը:
Նա նաև նշել է, որ C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման ու մատակարարման մասին մամուլում տարածված տեղեկությունների մի մասը չի արտացոլում իրականությունն ու խառնաշփոթ է առաջացնում մարդկանց մոտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ C-400 համակարգերը Թուրքիան կտեղակայի Անկարա նահանգում՝ «Աքընջը» ռազմաբազայի տարածքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մտահոգություն էին հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ից հայտնել էին, որ Թուրքիան տեղյակ չի պահել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին։