«Մարիա» փոթորիկը վնասել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակներից մեկը
International newsՍեպտեմբերի կեսին Պուերտո Ռիկո կղզով անցել է ավերիչ «Մարիա» փոթորիկը, ինչի հետևանքով վնասվել է աշխարհի խոշորագույն ռադիոհեռադիտակներից մեկի՝ «Արեսիբո»-ի 305 մետրանոց ռադիոափսեն:
Ինչպես նշում է ria.ru-ն, կատարվածի հետևանքով հեռադիտակի հետագա գործունեությունը վտանգված է:
«Հեռադիտակը դիմակայել է աղետին, բայց «Մարիա»-ից ստացած վնասվածքները կարող են մի քանի ամսով այն շարքից հանել: Եթե պարզվի, որ այդ խնդիրները լուրջ են, ԱՄՆ-ի ազգային գիտական հիմնադրամը ռադիոհեռադիտակը փակելու լուրջ փաստարկ կունենա»,-ասել է աստղագետ Ջոն Մեթյուսը:
Հայտնի է, որ փոթորկի գրոհի ժամանակ «Արեսիբո»-ի գիտական թիմի մի մասը չի լքել աստղադիտարանը՝ հնարավոր ամեն բան անելով դրա անվտանգությունն ապահովելու համար: Նախքան փոթորկի գալը մասնագետները հեռադիտակից առանձնացրել են շարժական ու փխրուն մասերը, անջատել պահեստային դիզելային գեներատորները:
Մասնագետների կարծիքով՝ եթե նախապես նման քայլեր չձեռնարկվեին, ապա «Արեսիբո»-ն անհամեմատ ավելի շատ կտուժեր: