«Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ գերի ընկած թուրք զինվորականը դատի է տվել Թուրքիային
International news2010 թվականի մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի ժամանակ տուժած Թուրքիայի քաղաքացիներից Զեքի Քայան դատի է տվել Թուրքիայի պետությանը՝ պահանջելով փոխհատուցել նրա կրած բարոյական ու նյութական վնասները: Քայան Թուրքիայի իշխանություններից պահանջում է շուրջ 510 000 թուրքական լիրա՝ մոտ 142 000 ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Քայան հայտնել է, որ ընդունելով իսրայելական կողմի փոխհատուցումն ու չեղարկելով միջադեպի հետ կապված Իսրայելի դեմ հարուցված բոլոր դատական գործերը, Թուրքիան փաստացի իր վրա է վերցրել եղածի պատասխանատվությունն ու այդ թվում տուժածների կրած վնասի փոխհատուցման հարցը:
2010թ.-ի միջադեպի ժամանակ 3 օր շարունակ գերության մեջ պահված ու հոգեբանական լուրջ խնդիրներ ստացած Թուրքիայի քաղաքացին պահանջում է, որպեսզի Իսրայելին պատասխանվությունից ազատած Թուրքիա պետությունը պատասխան տա իր առողջությանը հասցված լուրջ վնասի համար:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 31-ին իսրայելական զորքերը հարձակվել էին նավի վրա՝ թույլ չտալով, որ այն անցնի Գազայի հատված: Նավի ուղևորները փորձել են դիմակայել իսրայելցի զինվորներին: Ի պատասխան՝ զինվորները կրակ են բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի 9 քաղաքացի:
«Մավի Մարմարա»-ի հետ կապված միջադեպը լուրջ ազդեցություն էր ունեցել Թուրքիայի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների վրա: 2010-ի հունիսից դադարեցվել էին բոլոր երկխոսությունները երկու երկրների միջև, որոնք հետ էին կանչել իրենց դեսպաններին՝ թողնելով միայն տնտեսական կապի հարցերով ներկայացուցիչներին: Ավելի ուշ Իսրայելը համաձայնել է Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում վճարել: