«Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամները նոր հայտարարություն են տարածել
International newsՊոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նոր նիստերի մեկնարկին զուգահեռ հատուկ հայտարարություն են տարածել «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամները:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Ինչպես գրում է «Ակօսը»-ը, նախաձեռնության անդամները հավաքվել են Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց, նրանց շարքերում է եղել նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«(Դատավարությունից) 10 տարի 3 ամիս անց արդարության հասնելուց դեռ շատ հեռու ենք: 10 տարի անցավ, սակայն սպանության վրայի վարագույրը չի բացվել: Մենք շարունակելու ենք հետևել դատական գործին, մինչև այն վերջապես լուսավորվի, մենք ցանկանում ենք, որ դատապարտվեն նրանք, ովքեր տվել են սպանության հրամանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ակտիվիստները նաև ելույթ են ունեցել հաջակցություն թուրք իրավապաշտպան Օզլեմ Դալքըրանի, որն ամիսներ առաջ ձերբակալվել էր Ստամբուլի կղզիներում և այժմ գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տարածվել էր տեղեկություն, ըստ որի Դալքըրանը բանտում չի կարողանում ստանալ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», քանի որ այն ունի հայերեն էջեր:
Նշենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի. նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։