Շուտով Էրդողանը կասի՝ Պուտինի հարցում էլ սխալվեցինք. թուրք սյունակագիր
International newsԹուրք սյունակագիր Զեյնեփ Գյուրջանլըն «Սյոզջու» պարբերականում անդրադարձել է սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեին ու դրան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքին: Գյուրջանլըն, մասնավորապես, խոսել է Քրդստանի հանրաքվեին հաջորդած Էրդողան-Պուտին հանդիպման մասին:
Թուրք սյունակագիրն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, թե իրենք Պուտինի հետ լիովին համակարծիք են Իրաքում և Սիրիայում առկա խնդիրների լուծման հարցում:
Մինչդեռ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափեց ուղղակի անդրադարձ կատարել թեմային և հղում արեց այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ առկա է հետևյալ նախադասությունը՝ «ՌԴ-ն հարգում է քրդերի՝ անկախություն ունենալու ցանկությունը»: Իսկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտեց. «Պուտինի ու Էրդողանի միջև Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի շուրջ լուրջ տարակարծություն չկա»:
«Պեսկովն անուղղակիորեն նշեց, որ թեև ոչ մեծ, սակայն որոշակի հակասություններ ամեն դեպքում կան»,- կարծում է թուրք սյունակագիրը:
Ըստ նրա՝ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիի հարցում սխալված լինելու մասին հայտարարած Էրդողանը շուտով նույնը կասի Պուտինի մասին:
«Շատ մոտ է արդեն նոր «սխալվեցինք» կամ «խաբվեցինք» հայտարարության ժամը: Իսկ խաբող նոր քաղաքական գործիչն այս անգամ, ամենյան հավանականությամբ, կլինի Ռուսաստանի նախագահ Պուտինը, որին Էրդողանն իր ընկերն է համարում»,- նշում է Գյուրջանլըն:
Սյունակագիրը շեշտում է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումները նույնպես հեռու են լիովին նույնը լինելուց: Մանավանդ, որ ՌԴ դաշնակից Բաշար ալ Ասադն ու նրա վարչակազմն ահաբեկիչներին հաղթելուց հետո հայտարարել են, որ հնարավոր են համարում Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալների հետ բանակցությունները: Իսկ այս ուժերն Անկարայի համար խիստ թշնամական, ահաբեկչական կառույցներ են: