Այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է մեր դեմ. Թուրքիայի ՊՆ-ն քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի քրդերին զենք ուղարկելու համար
International newsԹուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի քուրդ զինյալներին զենք տրամադրելու համար և նշել, որ եթե զենքի մատակարարումը չդադարեցվի՝ Անկարան չի սահմանափակվի միայն զգուշացումներ հնչեցնելով:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Ջանիքլին շեշտել է, որ այն դեպքում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վտանգը նվազել է, իսկ Սիրիայում զբաղեցրած նրանց տարածքները խիստ քչացել, ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում քրդերին զենք տրամադրելն այլևս որևէ արդարացում չունի:
«Լավ, իսկ ինչո՞ւ եք դեռ շարունակում նրանց զենք ուղարկել: Մենք գիտենք և տեսնում ենք, որ այդ զենքը վաղ թե ուշ ուղղվելու է Թուրքիայի դեմ», - ասել է թուրք նախարարը՝ խոսելով Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է սիրիական Աֆրինը, որը գտնվում է YPG-ի վերահսկողության տակ։
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է YPG-ի 18 մարտիկ: