Կան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Սաակաշվիլիին Վրաստան արտահանձնելուն. Ուկրաինայի գլխավոր դատախազ
International newsՈւկրաինայի գլխավոր դատախազությունում հայտարարել են հանգամանքների մասին, որոնք խանգարում են արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Վրաստան: Այդ մասին Խարկովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Յուրի Լուցենկոն, հայտնում է 112.ua-ն:
Լուցենկոն հայտնել է, որ Ուկրաինա Սաակաշվիլիի վերադառնալուց հետո դատախազության մարմինները սկսել են արտահանձնման հարցով ստուգում իրականացնել: Նրա խոսքով՝ ստուգումը պետք է պարզի, թե արդյոք Սաակաշվիլին կասկածվում կամ մեղադրվում է Վրաստանում առանձնակի ծանր հանցագործությունների համար և կան արդյոք հանգամանքներ, որոնք խանգարում են նրա արտահանձնմանը:
«Կան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են պարոն Սաակաշվիլիի արտահանձնմանը: Ես կարծում եմ, որ նման հանգամանքներ գոյություն ունեն, քանի որ պարոն Սաակաշվիլին ուկրաինական սահմանն անօրինական կերպով հատելուց հետո փաստաթղթեր է ներկայացրել ՆԳՆ միգրացիոն ծառայություն, որոնք, համաձայն մեր միջազգային պարտավորությունների, խոչընդոտում են նրա արտահանձնմանը: Այժմ դա մանրամասն կուսումնասիրվի, կկցվի Արդարադատության նախարարության պատասխանին»,- ասել է Լուցենկոն:
Նա կանխատեսել է, որ այդ գործընթացը ևս մի քանի շաբաթ կտևի: