Թուրքիայի հասարակության շրջանում լրջորեն նվազել է ԵՄ անդամ դառնալու կողմնակիցների թիվը. Չավուշօղլու
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրք հասարակության ներսում լրջորեն նվազել է երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու կողմնակիցների թիվը, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ ԵՄ-ն չի կատարել Թուրքիային տված խոստումները:
«Մեր առաջ դրված է եղել վեց նախապայման, և մենք դրանք կատարել ենք: Իսկ հիմա ԵՄ-ում սկսել են այլ բաներ խոսել ու պահանջել», - ասել է Չավուշօղլուն:
Ըստ նրա՝ եթե այժմ էլ ԵՄ-ն քայլ կատարի, Թուրքիան պատրաստ է աշխատել իրենց հետ:
Անցյալ տարի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում:
Շաբաթներ առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին դեռ խոսք լինել չի կարող:
Նա նաև նշել էր, որ եթե Թուրքիայի իշխանություններն ընդունեն մահապատժի մասին օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ: