Կանադայի խորհրդարանն ընդունեց «Մագնիտսկու օրենքը»
International newsԿանադայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին ընդունել Է «Կոռումպացված օտարերկրյա կառավարությունների զոհերի մասին օրենքը» կամ «Սերգեյ Մագնիտսկու օրենքը», որը ամերիկյան «Օրենքի գերակայության մասին Սերգեյ Մագնիտսկու անվան ակտի» կանադական տարբերակն Է: Ամփոփիչ քվեարկության հեռարձակումը տրվել Է Կանադայի խորհրդարանի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրենքը, մասնավորապես, նախատեսում Է սառեցնել օտարերկրյա կառավարությունների՝ մարդու իրավունքները խախտած անդամների ակտիվները եւ չեղարկել նրանց այցագրերը: Ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք Է ստորագրի Կանադայի գեներալ-նահանգապետ Ժյուլի Պեյետը:
Լսումների ընթացքում մատնանշվել Է, որ «Սերգեյ Մագնիտսկու օրենքը» պետք Է ուղղված լինի նախեւառաջ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի, Վիետնամի եւ Մյանմայի այն չինովնիկների դեմ, որոնք փողերի լվացմամբ են զբաղվում Կանադայում՝ խախտելով մարդու իրավունքներն իրենց երկրներում:
2012 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկու ակտը» անհատական պատժամիջոցներ Է սահմանում մի քանի տասնյակ ռուսաստանցիների նկատմամբ: Փաստաթուղթը կոչվել Է Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու ազգանվամբ, որը 2009 թվակաին մահացել Է Մոսկվայի հետաքննչական մեկուսարանում, եւ ուղղված Է այն անձանց դեմ, որոնք կասկածվում են նրա մահվան մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: