Ֆրանսիան չի ճանաչի Կատալոնիայի միակողմանի անկախությունը. նախարար
International newsՖրանսիան չի ճանաչի Կատալոնիան, եթե շրջանը միակողմանի կերպով անկախություն հռչակի: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն, հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե Կատալոնիան անկախություն հռչակի, այն կլինի միակողմանի, և դա չի ճանաչվի»,- հայտարարել է Լուազոն CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կատալոնիայի ճակատագիրը չի կարող որոշվել ընդամենը մեկ շաբաթ առաջ անկախության շարժման կողմից կազմակերպված քվեարկությամբ»,- ասել է ֆրանսիացի նախարարը: Լուազոյի խոսքերով՝ այդ ճգնաժամը պետք է լուծել իսպանական քաղաքականության բոլոր մակարդակներում երկխոսության միջոցով:
Այդկերպ միակողմանի կերպով անկախության հռչակումից հետո անկախությունը ճանաչելու հապճեպ որոշումը կնշանակեր, որ Ֆրանսիան փախչում է պարտականություններից, հավելել է Լուազոն:
Նախարարի խոսքերով՝ եթե անկախությունը ճանաչվեր, ինչը չի քննարկվում, առաջին հետևանքը կլիներ այն, որ Կատալոնիան ավտոմատ դուրս կգար Եվրամիությունից:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:
Հանրաքվեի ընթացքում անկախացման կողմնակիցները հաղթանակ են տարել 90 տոկոս ձայնով, չնայած հանրաքվեին քվեարկել է քվեարկելու իրավունք ունեցողներից կեսից քիչը:
Մադրիդը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Բարսելոնայի հետ, քանի որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինականությունը: