Մինսկը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար. Լուկաշենկո
International newsԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար, հայտնում է «Sputnik-Բելառուս» գործակալությունը:
Այդ մասին երկրի նախագահը հայտարարել է Մինսկում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
«Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և մենք իրավունք ունենք որոշել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարին:
Բելառուսի նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունն օգնել Ադրբեջանի ժողովրդի անվտանգության ապահովմանը:
«Ես լավ հիշում եմ, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ նեցուկ է եղել բելառուսական պետությանը»,- ասել է Լուկաշենկոն:
Իր հերթին Զաքիր Հասանովը բարձր է գնահատել Մինսկի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և ռազմական նշանակության բելառուսական արտադրանքի որակը:
«Դա գերազանց բելառուսական որակ է: Ադրբեջանի զինված ուժերն օգտվում են բելառուսական արտադրության սպառազինությամբ և տեխնիկայով, և ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա բարձրորակ զենք և ռազմական տեխնիկա է»,- ասել է նա: