Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է այս տարվա ընթացքում արդեն 15-րդ փոթորիկը
International newsԱտլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Օֆելիա» արևադարձային փոթորիկը, որն այս տարվա ընթացքում արդեն 15-րդն է, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը դեռևս վտանգ չի ներկայացնում որևէ տարածքի համար»,- հայտնում է հեռուստաալիքը:
Փոթորիկը ձևավորվել է օվկիանոսում՝ Ազորյան կղզիներից 1.384 կիլոմետր հարավ-արևմուտք:
Այս տարի Կարիբյան կղզիները և ԱՄՆ արևելյան ափը տուժել են մի քանի խոշոր փոթորիկներից: Օգոստոսի վերջին ԱՄՆ-ի հարավին հարվածել է «Հարվի» փոթորիկը, որը մեծ վնաս է հասցրել Տեխասին: Սեպտեմբերի սկզբին ամերիկյան ափին է հարվածել «Իրմա» փոթորիկը, ավելի ուշ սեպտեմբերին «Մարիա» փոթորիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին՝ մեծ ավերածություններ առաջացնելով: Հոկտեմբերի 9-ին նշվում էր, որ ԱՄՆ հարավարևելյան ափ հասած «Նեյթ» փոթորիկը հորդառատ անձրևներ և քամիներ է առաջացրել: