Էրդողանն Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 30-ին. թուրք դեսպան
International newsԱդրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կայցելի հոկտեմբերի 30-ին, այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հայտնի է, որ այցի շրջանակում կանցկացվի բարձր մակարդակի հանդիպում:
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությանը՝ դեսպանը հույս է հայտնել, որ խնդիրն իր շուտափույթ լուծումը կստանա մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին: Թուրքիան նույնպես դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրումը: