Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են բանակցել սահմանային անցակետերի ու օդանավակայանների շահագործման հարցով
International newsԻրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են բանակցել Բաղդադի հետ սահմանային անցակետերի ու օդանավակայանների շահագործման հարցով, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Իրաքյան Քրդստանի կառավարության մամուլի ծառայությանը։
Նշենք, որ Իրաքյան Քրդստանի անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո Բաղդադը Քրդստանը մեկուսացնելու նպատակով արգելել էր դեպի Էրբիլ միջազգային չվերթների իրականացումը:
Քրդստանի տարածքում գտնվող բանկերի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև Իրաքի կենտրոնական բանկը:
Իրաքի կենտրոնական իշխանությունները նաև պահանջել են Քրդստանի տարածքում գործող բջջային օպերատորներից իրենց կենտրոնական գրասենյակներն Էրբիլից տեղափոխել Բաղդադ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: