«Շան տղա». Ֆիլիպինների նախագահը վիրավորել է արևմտյան պատվիրակության անդամներին
International newsՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն վիրավորել է Եվրամիության ներկայացուցիչներին և սպառնացել արտաքսել նրանց երկրից մեկ օրվա ընթացքում: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Նա հայտարարել է, որ ԵՄ-ն միջամտում է Ֆիլիպինների ներքին գործերին: Դուտերտեն մեղադրել է Եվրոպային Ֆիլիպինները ՄԱԿ-ի կազմից հանելու փորձերի համար:
Նշվում է, որ այդ հայտարարությունները Դուտերտեն արել է այն բանից հետո, երբ արևմտյան քաղաքական գործիչներից բաղկացած պատվիրակությունը քննադատել է թմրավաճառության դեմ պայքարի նրա խիստ մեթոդները:
«Մենք կհեռացվենք ՄԱԿ-ի՞ց: Դո՛ւ, շան տղա, դե շարունակի՛ր: Դուք միջամտում եք մեր գործերին, որովհետև մենք աղքատ ենք»,- ասել է նա:
Դրանից հետո դիմելով պատվիրակության անդամներին՝ նա հայտարարել է, որ «դուք հեռանում եք իմ երկրից 24 ժամվա ընթացքում, դուք բոլորդ»:
Նշվում է, որ նրա ելույթի մնացած հատվածում մի շարք հայհոյանքներ են հնչել:
ԵՄ ներկայացուցիչն ավելի ուշ հայտարարել է, որ պատվիրակությունը չի ներկայացրել Եվրամիությունը: