Սաակաշվիլին չի բացառել, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են սպանել իրեն (տեսանյութ)
International newsՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը, Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն է հայտնել առ այն, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն վերացնելու փորձ կնախաձեռնեն:
«Ես հստակ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել: Նրանք կարող են թևերս ոլորել ու ինձ արտաքսել: Նույնիսկ կարող են սպանել, բայց դա խնդիր չէ, ես դրանից չեմ վախենում»,-մեջբերում է ria.ru-ն նրա խոսքերը:
Իր խոսքում Օդեսայի նախկին նահանգապետն անդրադարձել է նաև երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ հայտարարելով, որ նա ժամանակ չունի Ուկրաինայով զբաղվելու համար, քանի որ ակտիվ բիզնես է վարում:
Բացի այդ, Սաակաշվիլին կոչ է արել աջակիցներին հոկտեմբերի 17-ին մասնակցել Գերագույն ռադայի շենքի առաջ կայանալիք ակցիային, որն ուղղված է հաջակցություն հակակոռուպցիոն բարեփոխումների: Ակտիվիստները պահանջում են ստեղծել հակակոռուպցիոն դատարան, նոր օրենք ընդունել ընտրությունների վերաբերյալ ու չեղարկել պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Սեպտեմբերի 10-ին քաղաքական գործիչը մի խումբ աջակիցների ջանքերով ճեղքել է սահմանն ու Ուկրաինա վերադարձել: Այժմ Սաակաշվիլին մտադիր է պայքարել քաղաքացիության վերականգնման համար: