Իրաքյան բանակը վերահսկողության տակ է առել վիճելի տարածք համարվող Քիրկուկի օդանավակայանը
International newsԻրաքյան բանակը հայտարարել է վիճելի տարածք համարվող Քիրկուկի օդանավակայանը վերահսկողության տակ առնելու մասին, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Դաշնային ոստիկանության ու արագ արձագանքման ուժերը վերահսկողություն են սահմանել Քիրկուկի օդանավակայանի (Ալ Հուրիա ավիաբազա) նկատմամբ», - ասված է բանակի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրաքի բանակը հայտնել էր Բեյ Հասան և Բաբա Գուրգուր նավթային հանքավայրերի հանդեպ վերահսկողություն սահմանելու մասին: Իրաքյան ուժերի ձեռքն է անցել նաև K-1 ռազմաբազան, NGC-ի գազային օբյեկտը, ինչպես նաև Քիրկուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում:
Նախօրեին գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Քիրկուկի ուղղությամբ գրոհի մեկնարկի հրաման է տվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: