Կիևի կենտրոնում հանրահավաքին մասնակցում է մոտ 2000 մարդ. Ուկրաինայի ՆԳՆ
International newsԿիևում Գերագույն ռադայի շենքի մոտ հանրահավաք է ընթանում։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը, փոփոխել ընտրական օրենսդրությունը և հակակոռուպցիոն դատարան ստեղծել, այս մասին հայտնում է РБК-Україна-ն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ հանրահավաքին մասնակցում է շուրջ 2000 քաղաքացի։
Հաղորդվում է, որ հավաքը հսկում է 3500 ոստիկան և Ազգային գվարդիայի մարտիկ:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Գերագույն ռադայի շենքը Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի ու իր կողմնակիցների հանրահավաքին ընդառաջ շրջափակվել է երկակի ոստիկանական «շղթայով»:
Նախօրեին Միխեիլ Սաակաշվիլին Խարկով քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վստահություն էր հայտնել առ այն, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն վերացնելու փորձ կնախաձեռնեն:
Ընթացիկ տարվա հուլիսին Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից: Սեպտեմբերի 10-ին քաղաքական գործիչը մի խումբ աջակիցների ջանքերով ճեղքել է սահմանն ու Ուկրաինա վերադարձել: Այժմ Սաակաշվիլին մտադիր է պայքարել քաղաքացիության վերականգնման համար: