Հս. Կորեան խոստացել է «անհավանական» ու «անսպասելի» հարված հասցնել ԱՄՆ-ին
International newsՀյուսիսային Կորեան սպառնացել է «ամենաանսպասելի» պահին «անհավանական» հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Այս մասին ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հայտարարությունում:
Ինչպես նշում է tass.ru-ն, հայտարարությունն արվել է Կորեական թերակղզու ափերից ոչ հեռու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ ծովային զորավարժությունների ֆոնին: Հայտնի է, որ ամերիկյան և հարավկորեական ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններում ներգրավված է «Ronald Regan» ավիակիրը:
«Երևի Միացյալ Նահանգները խելքը թռցրել է՝ ուղիղ մեր քթի տակ բերելով այն թիրախները, որոնք մեզ համար առաջնային են: ԱՄՆ-ն պետք է նկատի ունենա, որ մեր հարվածը վրա կհասնի ամենաանսպասելի պահին՝ ամենաանսպասելի վայրում»,-ասվում է հյուսիսկորեական իշխանությունների հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի 16-ին սկսված զորավարժությունները կշարունակվեն մինչև ամսի 26-ը: Դրանք կանցկացվեն Ճապոնական ու Դեղին ծովերում:
Հայտնի է, որ զորավարժությունների շրջանակում ամերիկացի ու հարավկորեացի զինվորականները պետք է մշակեն Հյուսիսային Կորեայի տարածքից արձակված բալիստիկ հրթիռների հայտնաբերման ու որսման գործողություններ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ խիստ լարվել է: Փհենյանը, անտեսելով միջազգային հանրության նախազգուշացումներն ու ՄԱԿ-ի բանաձևերը, շարունակում է միջուկային ծրագրի զարգացումն ու բալիստիկ հրթիռների փորձարկումը: Դրան ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան»:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնը Գլխավոր վեհաժողովի զինաթափման հարցերով հանձնաժողովի նիստի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Փհենյանի մոտ միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների առկայությունն արդարացված է ինքնապաշտպանության փաստով:
«Աշխարհում ոչ մի այլ երկիր ԱՄՆ-ի կողմից այսքան տևական ժամանակ չի ենթարկվել նման ծայրահեղ ու ուղիղ միջուկային սպառնալիքի: Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը, որին գամված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, հասել է կրիտիկական կետի. միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»,-հավելել է նա: