Իրաքյան Քրդստանը երբևէ չի ցանկացել պատերազմ Բաղդադի հետ. Քրդստանի ԱԳՆ
International newsԻրաքյան Քրդստանի արտաքին գործերի նախարար Ֆալահ Մուստաֆա Բաքիրը հայտարարել է, որ, անցկացնելով անկախության հանրաքվե, Քրդստանը երբեք չի ցանկացել պատերազմել Իրաքի հետ։ Այդ մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է բրիտանական Reuters գործակալությունը:
Քրդստանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ իրենք ձգտում են հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ փոխադարձ համաձայնության մթնոլորտում:
Նշենք, որ ավելի վաղ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների գնալ Բաղդադի հետ՝ առանց նախապայմանների: Իրաքի կենտրոնական իշխանություններն իրենց հերթին նշել էին, որ կբանակցեն քրդերի հետ միմիայն անկախության հանրաքվեի արդյունքները չեղարկելու դեպքում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ:
Քիրքուքը պաշտոնապես Իրաքյան Քրդստանի մաս չի կազմել, սակայն տեղի քրդերը մասնակցել են անկախության հանրաքվեին:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը: