Ստամբուլում ձերբակալվել է «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի ղեկավար, հայտնի գործարար ու գործիչ Օսման Քավալան
International newsՍտամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայում ձերբակալվել է թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, այս մասին հաղորդում է թուրքական T24 կայքը:
Օսման Քավալայի փաստաբաններին Ստամբուլի ոստիկանության գլխավոր վարչությունում բացատրել են, որ ձերբակալությունն ու Քավալային բերման ենթարկելն իրականացվում է գաղտնի հետաքննության շրջանակում, որի փակագծերն առայժմ չեն բացվում:
Հայտնի է դարձել, որ հարցաքննության ժամանակ Քավալային ուղղված հարցերը կապված են եղել Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ:
Թուրք գործչի ձերբակալությանը խոր անհանգստությամբ արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին, որը նույն օրը Twitter-ի իր էջում մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ ու տեղեկացրել, որ հարցը կբարձրացնի Եվրախորհրդարանի առաջիկա նիստում:
Նշենք, որ Քավալայի հիմնած թուրքական ամենահայտնի հրատարակչություններից «Իլեթիշիմ»-ը բազմիցս անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Քավալան նաև հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է: