ԵՄ-ն չի պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև առկա կոնֆլիկտին. Տուսկ
International newsԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում միջամտել Կատալոնիայի և Իսպանիայի միջև կոնֆլիկտին, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Տուսկը հավելել է, որ ինքը մշտական կապի մեջ է գտնվում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ և որ Իսպանիայում ստեղծված իրավիճակն իրեն «անհանգստացնում է»:
«Եվրամիության անդամ երկրների ու ինտիտուտների դիրքորոշումը հստակ է. այս կոնֆլիկտում միջազգային միջնորդությունների, գործողությունների կամ նախաձեռնությունների տեղ չկա: Ես թեմայի վերաբերյալ լայն քննարկումներ չեմ ակնկալում», - ասել է եվրոպացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ժամանակ անկախությանը կողմ է քվեարկել կատալոնացիների ավելի քան 90 տոկոսը:
Նախօրեին Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլին: Ինչպես հայտարարել է Իսպանիայի վարչապետի գրասենյակը, Իսպանիայի կառավարությունը կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը շաբաթ կայանալիք կառավարության արտահերթ նիստում:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին դիմել էր Կատալոնիայի իշխանություններին՝ պահանջելով բացատրել, թե արդյոք նրանք անկախություն հռչակել են, թե ոչ: Կառլես Պուչդեմոնին ժամանակ էր տրվել մինչև երկուշաբթի պատասխանի համար: Հաղորդվել է նաև, որ եթե պատասխան չլինի կամ պատասխանը չբավարարի Իսպանիայի իշխանություններին, հինգշաբթի կառավարությունը կսկսի գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը:
Երկուշաբթի հրապարակվել է ժեներալիտետի ղեկավարի նամակը, որտեղ նա չի պարզաբանել անկախություն հռչակելու հետ կապված որոշումը և Մադրիդին երկխոսության կոչ է արել:
«Նամակը, որ մենք ստացել ենք, չի տալիս հարցի պատասխանը»,- ասել էր Իսպանիայի արդարադատության նախարարը նամակում: Նա հավելել էր, որ Մադրիդում նամակն անբավարար են համարում՝ հստակության բացակայության պատճառով: