Ռաքքայի ազատագրումից հետո ԻՊ հրամանատարները հայտնվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի ձեռքում և կկանգնեն դատարանի առաջ
International news«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հետ համատեղ սիրիական Ռաքքա քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելուց հետո հայտարարել է, որ Ռաքքայից փախչել չկարողացած մի շարք ԻՊ հրամանատարներ այժմ իրենց մոտ են և կկանգնեն դատարանի առաջ:
Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման խոսնակներից Թալալ Սիլոն լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իրենց մոտ հայտնված ԻՊ-ականները ձերբակալվել են քաղաքի ազատագրումից հետո ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում, ոմանք հանձնվել են սեփական կամքով:
Հայտնի է, որ ձերբակալված ԻՊ հրամանատարների թվում կան բազմաթիվ օտարերկրացիներ, որոնք Սիրիա են ժամանել աշխարհի ամենատարբեր անկյուններից:
Օտարազգի ԻՊ ահաբեկիչների՝ հայրենի երկրներ արտահանձնելու հարցը կախված կլինի տվյալ երկրների հետ ունեցած միջազգային պայմանավորվածություններից: Ոմանք կարող են պահանջել Սիրիայում դատապարտված իրենց քաղաքացիներին, ոմանք էլ՝ ոչ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումն ազատագրել է Ռաքքան ԻՊ ահաբեկիչներից, որոնք վերահսկում էինք քաղաքը շուրջ 3 տարի:
Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցել են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը: