Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն Ուկրաինայինն է ու վե՛րջ. Սոբչակ
International newsՀեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որն օրերս հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոսել է Ղրիմից՝ ընդգծելով, որ թերակղզու միացումը Ռուսաստանին Բուդապեշտի հուշագրի խախտում է:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմն Ուկրաինայինն է ու վե՛րջ»,-իր թեկնածության առաջադրման վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սոբչակը:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, բացի այդ, նա նշել է, որ հարկավոր է բանակցել Ուկրաինայի հետ, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի կարևորագույն գործընկերներից է:
Աղբյուրը նշում է, որ 1994թ. ստորագրված Բուդապեշտի հուշագիրը երաշխավորում է Ուկրաինայի տարածքային անձեռնմխելիությունը, ինչի դիմաց Կիևը հրաժարվել է միջուկային զենքից: Հուշագրի շրջանակում Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներն են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2014թ. հայտարարել էր, որ փաստաթուղթը կորցրել է իրավական ուժը, քանի որ Ուկրաինայում տեղի է ունեցել հակասահմանադրական հեղաշրջում, մինչդեռ հուշագիրը ստորագրվել էր օրինական իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ Սոչբակն առաջադրվելու մտադրության մասին հայտնել էր հոկտեմբերի 18-ին: Նա իրեն անվանել էր թեկնածու, որը «բոլորի դեմ» է: Նա նաև ասել է, որ իր թեկնածությունը կհանի, եթե քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին որպես թեկնածու մասնակցի ընտրություններին: