ԱՄՆ դատարանը հրաժարվել է արգելափակել Obamacare-ի սուբսիդիաների դադարեցման մասին հրամանը
International newsԴատարանը հրաժարվել է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ առողջապահության Obamacare բարեփոխման շրջանակում ապահովագրական ընկերություններին կառավարական սուբսիդիաների վճարումը դադարեցնելու մասին: Նման որոշում է ընդունել Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատավոր Վինս Չաբրիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համապատասխան հայցով դիմել էին ամերիկյան 17 նահանգներ եւ Կոլումբիա մայրաքաղաքային շրջանը: Սակայն Չաբրիան որոշել է, որ Թրամփի հրամանը ծանր վնաս չի հասցնի, քանի որ նահանգների մեծ մասն իրենք արդեն միջոցառումներ են ձեռնարկել բժշկական ապահովագրությունների կայուն գներ պահպանելու համար: Դրանից բացի, նրա խոսքով՝ հրամանը օրենսդրությունը չի խախտում:
Ըստ որում՝ նա հայտնել է, որ հարցի քննությունը դեռեւս նախնական փուլում է:
Այս ամիս ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ապահովագրողներին ամենամսյա վճարումները դադարեցնելու մասին՝ անապահովների համար բուժապահովագրության ավելի ցածր գին պահպանելու համար: Նման հերթական վճարումը պետք է լիներ ուրբաթ: