Ուկրաինացի պատգամավորի դեմ հարձակման կապակցությամբ ՌԴ հասցեին մեղադրանքը ռուսաֆոբիայի դրսեւորում է. Կրեմլ
International newsԳերագույն ռադայի Արմատական կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկի դեմ հարձակման կապակցությամբ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները ռուսաֆոբիայի հերթական դրսեւորումն են։ Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։
«Ինչպես միշտ, բացարձակապես անհիմն, մերկապարանոց, հիստերիկ մեղադրանքներ Կիեւից, որոնք հնչում են ոչ միայն Ռամզան Քադիրովի հասցեին, այլ նաեւ Մոսկվայում պաշտոն զբաղեցնող ցանկացածի»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ՆԳՆ հայտարարությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Իվան Վարչենկոն հայտարարել էր, որ Մոսիյչուկի դեմ հարձակման մեջ ռուսական հետք կա։ Մասնավորապես, նրա խոսքով, դրա հետ կարող էր կապ ունենալ Քադիրովը։
Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին։ Պայթուցիկ սարքը տեղադրված էր եղել մոտոցիկլի մեջ։